Սայաթ֊ Նովա ֊ նախագիծ

Սայաթ-Նովանը (Հարություն Սայադյան) ծնվել է 1712թ.-ի հունիսի 14-ին Թիֆլիսում: Ամենայն հավանականությամբ Սայաթ-Նովայի նախնիները Թիֆլիս են եկել Կիլիկյան Հայաստանից։ Սայաթ–Նովայի ընտանիքը Թիֆլիսի քաղաքային արհեստավորների ընտանիք էր։ Սայաթ–Նովայի մանկությունն ու պատանեկությունը անցել է Թիֆլիսում։ Սովորել է գրել–կարդալ հայերեն, վրացերեն, իմացել է նաև արաբերեն այբուբենը։ 12 տարեկանից նրան տվել են արհեստի, սովորել է ջուլհակություն և կարճ ժամանակում այնքան է հմտացել, որ կտավը հինելու և գործելու նոր դազգահ է պատրաստել։Երգն և երաժշտությունը նրան հմայել են դեռ փոքրուց։ Մինչև երեսուն տարեկանը Սայաթ–Նովան կատարելագործվել է աշուղական արվեստի մեջ, սովորել եղանակներ և պարզ ու խառը չափեր, հորինել խաղեր՝ հարմարեցնելով հատուկ մեղեդիներ, և կատարել ժողովրդական հավաքույթների ժամանակ։ Հավանաբար, երկար տարիներ շրջել է Մերձավոր Արևելքում, եղել Պարսկաստանում, Հնդկաստանում և Օսմանյան կայսրությանը ենթակա երկրներում, ուխտի գնացել հայ աշուղների հովանավոր Մշո Սուրբ Կարապետի վանքը՝ Տարոն, մինչև որ ձեռք է բերել համընդհանուր ճանաչում, մկրտվել Սայաթ–Նովա՝ երգի որսորդ։

1759–ի կեսերին ավարտվել է Սայաթ–Նովայի՝ իբրև բանաստեղծի ու երգահան–երաժշտի կյանքը։ 1759–ին Հերակլ II–ի հարկադրանքով նա քահանա է ձեռնադրվել Տեր Ստեփանոս անունով և շատ չանցած ուղարկվել Կասպից ծովի հարավային ափին գտնվող Էնզելի նավահանգիստը։ Այստեղ երգիչն «Ապաշխարել» և արտագրել է Գրիգոր Նարեկացու«Մատյան ողբերգության» պոեմը։ Երբ է վերադարձել հայրենիք, ստույգ հայտնի չէ։ 1766–ին ապրել է Զաքաթալայից Շամախի տանող առևտրական ճանապարհի վրա ընկած Կախի փոքրիկ ավանում, որտեղ արտագրել է մեկ ուրիշ ձեռագիր՝ Աստվածաշնչի հատվածներից բաղկացած մի ժողովածու։ 1768–ին մահացել է կինը՝ Մարմարը, թողնելով չորս անչափահաս զավակ։ Հաջորդ տարվանից Սայաթ–Նովա–Տեր Ստեփանոսը փոխադրվել է վանք, ծառայել Թիֆլիսում հաստատված Հաղպատի միաբանության առաջնորդարանում, իսկ 1778–ից, երբ վերաշինվել է Հաղպատի վանքը, կարգվել է Սուրբ Նշան վանքի լուսարար։ Հետագայում միաբանության հետ նորից վերադարձել է Թիֆլիս։ 1795–ի սեպտեմբերի 22-ինԱղա–Մահմուդ խան Ղաջարի արշավանքի օրերին, զոհվել է և թաղված է Սուրբ Գևորգ եկեղեցու բակում։

Սայաթ-Նովայի հուշաքարը Թբիլիսիի
Սբ Գևորգ եկեղեցու բակում

Սայաթ–Նովայի ուսումնասիրության գործում որոշակի դեր են խաղացել Անդրկովկասի հայ աշուղների և ուշ միջնադարի հայ տաղերգուների, հատկապես Նաղաշ Հովնաթանի ստեղծագործությունները և աշուղ Դոստիի խաղերը։ Ավանդական սովորությունով՝ ստեղծագործական առաջին քայլերը նա սկսել է թուրքական խաղերով, հետո աստիճանաբար անցել հայերենի ու վրացերենի։ Գիտակցելով աշուղ–բանաստեղծի բուն դերը ու կոչումը, հասկանալով, որ գեղեցիկի, կատարելության իդեալներն ու դաշնության պատգամները վերարծարծել ու քարոզել է ամենուր և ամենքի համար, առանց ազգային ու դասային խտրության։

Մեզ է հասել Սայաթ-Նովայի ավելի քան 230 խաղ, որոնք ամփոփված են իր սեփական ձեռքով գրած, որդու՝ Օհանի կազմած ու արտագրած և վրաց թագավորի գրագիր Պենդելենց Հովանեի վավերագրած դավթարներում, բանահյուսական զանազան ժողովածուներում կամ մնացել են ժողովրդի հիշողության մեջ և աստիճանաբար գրի առնվել ու հրատարակվել։

Ըստ տաղաչափական առանձնահատկությունների՝ Սայաթ–Նովայի խաղերի մեջ հանդիպում են աշուղական բազմապիսի ու բարդ չափերով հորինված գործեր՝ թեջնիսներ կամ բառախաղեր, ղազալիներ կամ գազելներ, բեյթ ու դուբեյթներ, բայաթիներ, այբբենականեր, ուչլամաներ կամ երիցս կրկնություններ, որոնք ցույց են տալիս, որ նա աշուղական արվեստի գերազանց գիտակ է եղել։ Խաղերից շատերի մեղեդիները մոռացվել են և առմիշտ կորել։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Skip to toolbar