Պապ թագավոր, կենսագրություն

Պապը Արշակ 2-րդի և նրա երկրորդ կնոջ՝ Փառանձեմի որդին էր: Նա Արշակունիների թագավորական տոհմի թվով 14-րդ գահակալն է: Կառավել է ընդամենը 6 տարի: Պապը դառնում է հայոց թագավոր դեռևս անչափահաս տարիքում՝ 368 թվականին: Արշակունիների գահն այդքան վաղ տարիքում ստանձնելու պատճառն այն էր, որ Պապի հայրը գտնվում էր գերության մեջ Անհուշ բերդում: Պապի առաջին խոշոր ձեռքբերումն Արշակունյաց հարստության փրկությունն էր: Արշակի մահից հետո թագավորությունը անմխիթար վիճակում էր, Շապուհը միտք ուներ վերացնել Արշակունիներին  և ահա 3 հաղթական պատերազմ. Ատրպատականի, Ձիրավի և Գանձակի ճակատամարտերում գրանցած հաղթանակների արդյունքում Պապը կարողացավ ավարտին հասցնել դեռևս  364 թվականին սկիզբ առած պայքարը՝ հանուն ազատության: 371-ի գարնանը Ձիրավի ճակատամարտում Պապը պիտի դիմագրավեր մեծաքանակ պարսկական զորքին: Նա ցանկանում էր ինքը ղեկավարել մարտը, սակայն նրանք արգելում են՝ պատճառաբանելով, որ նրա կյանքի համար պատասխանատու են Վաղես կայսրի առաջ: Պապ թագավորն ու Ներսես կաթողիկոսը մարտին հետևում են մոտակայքում գտնվող Նպատ լեռից: Սակայն մարտի ամենակատաղի պահին թագավորը նետվում է կռվի, միայն Մուշեղ սպարապետին է շուտով հաջողվում դուրս բերել նրան մարտի դաշտից: Հայերը հաղթանակ են տանում, ինչն էլ հանգեցնում է պարսկական և հռոմեական կողմերի միջև նոր ռազմադադարի կնքման: Պապը թագավորության ամբողջականության մարտիկ էր, ուստի նրա առաջին ներքաղաքական քայլն է լինում անջատված նախարարությունները երկրին միացնելը, այդպիսով նա վերականգնեց Մեծ Հայքի տարածքային երբեմնի ամբողջականությունը: Ի դեպ,  Պապը Արշակունիների 3-րդ և վերջին գահակալն էր, ում հաջողվեց դա իրագործել:

Աշխարհաքաղաքական իրավիճակից ելնելով և երկրի ինքնավարությունը ամրապնդելու նպատակով Պապը, Մուշեղ սպարապետի օգնությամբ, կազմավորում  է 90.000-անոց հզոր, մարտունակ բանակ: Հարկ է նշել, որ նրա գահակալման պահին հայկական բանակի թիվը կազմում էր 10.000: Հաջորդ հատկանշական քայլն էր եկեղեցապատկան մեծաթիվ հողերի կրճատումն էր. երիտասարդ ու համարձակ ղեկավարը եկեղեցապատկան 7 հողամասերից 5-ը դարձնում է արքունիքի սեփականություն: Նա նաև կրճատեց վանականների թիվը, նրանցից շատերին պարտադրեց անցնել զինվորական ծառայություն: Պապը հանձն առավ փակել կուսանոցները՝ ի նպաստ բնակչության թվի ավելացման: 363 թվականին Պապի հյուրն էր Ներսես Մեծ կաթողիկոսը, որն, ի դեպ, իր աթոռին էր վերադարձել միայն Պապի թագադրումից հետո: Այսպիսով, վերոնշյալ հանդիպումից հետո կաթողիկոսը՝ թոքերի ուռուցքի պայթելու արդյունքում մահանում է: Պապը ոչ մի կապ չուներ Ներսեսի մահվան հետ, սակայն հաշվի առնելով իր վարած «հակաեկեղեցական» գործունեությունը՝ 5-րդ դարի պատմիչները, մասնավորապես Բուզանդը,  մեղադրում են նրան այս հարցում: Նոր պատմագրությունը հիմնովին  հերքում է այդ վարկածը: Պապի օրոք հայ եկեղեցին անկախություն ձեռք բերեց, և Ներսեսին հաջորդող կաթողիկոսները այլևս օծվում էին Հայաստանում, ոչ թե Կեսարիայում, ինչպես դա տեղի էր ունենում Պապից առաջ: Իր գահակալության հատկապես վերջին տարիներին Պապը, որը իր նախորդների համեմատությամբ շատ ավելի չեզոք արտաքին քաղաքականություն էր վարում, սկսում է լիարժեք ինքնավար  քաղաքականություն տանել՝ չծառայելով Հռոմեական կայսրությանը. նա դիվանագիտորեն դուրս է բերում Հայաստանից հռոմեական կայազորը: Այս ամենն իհարկե չէր կարող անհետևանք մնալ, արդյունքում Վաղես կայսրին սուտ լուրեր են հասցնում Պապի գործունեության մասին և վերջինս Պապին հրավիրում է Տարսոն. տեղի հայ պաշտոնյաները զգուշացնում են նրան, որ Վաղեսն այլևս թույլ չի տալու հայոց թագավորին վերադառնալ հայրենիք: Նույն օրվա գիշերը պապը իր թիկնազորով ճեղքում է քաղաքի պաշտպանությունն ու հասնում Հայաստան: 374 թվականին Պապ թագավորը դավադրաբար սպանվում է հռոմեացիների կողմից խնջույքի ամենաթեժ պահին: Սպանության մանրամասների, դավադիրների և նրանց սատարողների մասին վարկածները տարբեր են:

Ներսես Մեծի մահվան առեղծվածը

Համաձայն 5-րդ դարի պատմագիր Փավստոս Բուզանդի՝ Հայոց կաթողիկոսը սպանվել է Պապ թագավորի կողմից թունավորվելով, սակայն ըստ այլ աղբյուրների կաթողիկոսը ընդամենը ունեցել է առողջական խնդիրներ։ Ըստ եկեղեցական ուշ մի ավանդության, հայրապետը կանխապես իմացել է թագավորի դավադրության մասին, սակայն կամովին ընդունել է մահվան հրավերը՝ թունավորված գինին խմելուց առաջ հանդիմանելով արքային։ Այնուհետև իր մահն արժանավայել դիմավորելու համար պատարագ է մատուցել, իսկ մահվանից առաջ մերձավորներին պատմել տեսիլքը Հայաստանին սպասվող իրադարձությունների՝ Արշակունիների կործանման, Արևելքի նվաճողների տիրապետության, նրանց կործանման, երկրում քրիստոնեության վերածաղկման և այլ իրադարձությունների մասին։ Համաձայն մեկ այլ վարկածի Ներսես Ա Պարթևը վախճանվել է թոքերի հիվանդությունից 373 թ-ի հուլիսի 25-ին։ Կաթողիկոսի մահը եղել է Եկեղյաց գավառի Խախ արքունի ավանում։ Թաղվել է Եկեղյաց գավառի Թիլ ավանում։ Հայոց եկեղեցին դասել է Ներսես Ա Մեծ կաթողիկոսին սրբերի շարքը։ Նրա հիշատակը տոնվում է Կաթողիկե Ս. Էջմիածնի տոնին հաջորդող շաբաթ օրը։

Պապի մահը

Պապի վարած անկախ քաղաքականության պատճառով Հռոմը հալածանքներ է սկսում նրա հանդեպ։ Դրա հիմնական պատճառներից մեկը Մեծ Հայքում գործող հռոմեական կայազորի հրամանատար Տերենտիոսն էր, որը, ըստ Ամմիանոսի, «արտաքուստ մի համեստ և լուրջ մարդ էր, բայց իր ամբողջ կյանքի ընթացքում գրգռում էր երկպառակություններ»։ Նա ամեն անգամ Վաղեսին նամակ գրելիս հիշեցնում էր, որ Պապը սպանել է տվել Կիլակին և Արտավանին ու ներկայումս էլ հակված էր պարսից կողմը։ Հայաստանում գործող հունասեր կուսակցությունը սկսում է դավ կազմակերպել Պապի դեմ։ Բանակցությունների պատրվակով Հռոմի կայսր Վաղեսը Պապին հրավիրում է Տարսոն, որտեղ փորձում է նրան կալանավորել, սակայն Պապն իր 300 թիկնապահների հետ միասին կարողանում է խույս տալ բանտարկությունից և վերադառնալ Հայք։ Այստեղ տեղի էր ունեցել հռոմեական կայազորի հրամանատարի փոփոխություն։ Հրամանատար էր նշանակվել Տրայանոսը, որը կարողանում է շահել Պապի վստահությունը։ 374 թվականն էր, երբ նա Պապին հրավիրում է խնջույքի, և որի ժամանակ Պապին դավադրաբար թունավորում է։ Պապը խաբեությամբ հրավիրվեց Տարսոն, բայց արդեն այնտեղ, ճիշտ ժամանակին հասկանալով կայսեր նենգ մտադրությունը՝ ձերբակալել իրեն, փախուստի դիմեց եւ անվտանգ հասավ հայրենիք: Սակայն, նրա թշնամիները չէին դադարում գործել: Տերենտիոսին այստեղ փոխարինած Տրայանոսը, խաբեությամբ Պապին հրավիրելով խնջույքի, դավադրաբար սպանեց նրան: Այս սպանությանը նախապես տեղյակ էին շատ հայ իշխաններ, կրոնականներ: Սակայն, տեղին չէ սպարապետ Մուշեղին մեղադրել այս հարցում, ինչպես պատմում է Փավստոս Բուզանդը: Չպետք է մոռանալ, որ նա եղավ պապի գլխավոր դաշնակիցը անկախ պետականություն ստեղծելու ճնապարհին, եւ նա էր, որ նախատում էր Պապին հաջորդած հունասեր արքա Վարազդատին՝ իր քաղա-քականության համար, ինչի համար եւ սպшնվեց: Մանկությունից մեծանալով Պապի հետ՝ իրենց համատեղ գործունեության ամբողջ ընթացքում Մուշեղ սպարապետը ապահովեց Պապի քաղաքականության ռազմական հիմքը: Եվ, հավանաբար, հայրենանվեր ռազմական գործչի անունը եկեղեցական պատմիչը նույնպես փորձել է օգտագործել Պապի դեմ: Այսպես ցավալիորեն ավարտվեց կարճ, բայց հայրենանվեր կյանքը պատանի արքայի, որ Հայաստանի քրիստոնեացումից հետո եղավ հայոց ամենասթափ ու անկախ պետական այրը, երբեք չընկավ տերեր փնտրող այս կամ այն հոսանքների ազդեցության տակ եւ, զսպելով բոլոր կենտրոնախույս ուժերին, կարճ ժամանակում Հայաստանը կրկին դարձրեց տարածաշրջանի ազդեցիկ երկրներից մեկը: Իրոք, Հայաստանը կարոտ էր Պապի կարգավորող ու վճռական ձեռքին եւ մեծապես տուժեց նրա սպանությունից հետո:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Skip to toolbar